Գիշեր, խավար, խոր ու անսովոր լռություն: Գոռալու մի անսահման ցանկություն ունես: Ուզում ես ` բոլորը լսեն քեզ: Հանկարծ ի զարմանը քեզ գլխումդ մի արտառոց միտք է առկայծում` Վերջակետը մոտ է: Բայց ի՞նչ վերջակետ…չգիտես…Սարսափած փորձում ես գտնել հարցիդ բանալին, բայց կրկին ձախողվում: Հոգնած ես. ուժերդ աստիճանաբար լքում են ծանրացած մարմինդ: Ուզում ես լալ, բայց չգիտես` ինչու: Հույզերի մի ամբողջ հոսք է խառնվում իրար`ստեղծելով արգելքներ, խառնաշփոթ:
Սիրտդ գործող հրաբխի է նման, տենչում է ժայթքել, դուրս պրծնել քո իշխանությունից: Չորացած տերևների շրշյունը, քամու թեթևակի հոսքը, անցորդների ոտնաձայները շուրջպար են բռնել գլխավերևումդ: Դու էլ ես պարում, բայց գիտակցում ես` մարմինդ անշարժ է: Երգում ես, սակայն կեղտոտ բերանդ հավիտյան փակ է ժանգոտած կողպեքով: Ծիծաղում ես ու միաժամանակ լալիս: Վախենում ես ինքդ քեզանից, կամաց-կամաց մոտենում ես բաց պատուհանին , նայում խավարի միջով ու այդ պահին գեթ մեկ բան տենչում` ճախրել, ճախրել…
Սիրտդ գործող հրաբխի է նման, տենչում է ժայթքել, դուրս պրծնել քո իշխանությունից: Չորացած տերևների շրշյունը, քամու թեթևակի հոսքը, անցորդների ոտնաձայները շուրջպար են բռնել գլխավերևումդ: Դու էլ ես պարում, բայց գիտակցում ես` մարմինդ անշարժ է: Երգում ես, սակայն կեղտոտ բերանդ հավիտյան փակ է ժանգոտած կողպեքով: Ծիծաղում ես ու միաժամանակ լալիս: Վախենում ես ինքդ քեզանից, կամաց-կամաց մոտենում ես բաց պատուհանին , նայում խավարի միջով ու այդ պահին գեթ մեկ բան տենչում` ճախրել, ճախրել…
Հոգնած տաղտկալի ու մահվան չափ անտանելի դարձած իմ առօրյայից թավալվում էի անկողնումս` փորձելով գոնե քնի միջոցով թաքնվել իրական կյանքում ինձ ստվերի պես հետևող մղձավանջից: Մարմինն ազատելով հոգիս խեղդամահ անող հագուստի կալանքներից` պառկած էի այն սենյակի չոր մահճակալին, որն իմ կյանքի հետագա տարիների ընթացքում դառնալու էր սեփական եսից թաքնվելու ամենաապահով ապաստանը:
Ցուրտ էր: Դեռևս նախօրեին սկսած մրրկածուփ ու շեշտակի անձրևը չէր դադարում: Մառախլապատ գիշերվա մեջ` կմախքաձև գորշ երկնքի տակ, անէանում էր մի անսովոր կյանք, որը, հիրավի, լի էր միջավայրը զազրելի դարձնող տարրերով: Բոլորովին մերկ շրջում էի սենյակում` վայելելով սեփական մարմնիս ազատումն այն բեռից, որը ճակատագրի հեգնանքով դարձել էր խելահեղ կյաքիս անբաժանելի ուղեկիցը: Նայելով պատուհանից դուրս` երևի չէի էլ կասկածում` շատ տարիներ հետո կուչ էի գալու նույն վայրում ու թղթին հանձնելու այն, ինչն անկարող էի որպես բեռ ինձ հետ գերեզմանի խավարչտին անդունդները տանել: Մթին աչքերումս տագնապ էր առկայծում: Մտահոգ էի, մի փոքր սարսափած. կարծես ժամեր առաջ մահվան հետ պայմանագիր կնքած լինեի: Մթության մեջ մարմինս նմանվում էր առկայծող ստվերի, որը քամուն հատուկ թեթևությամբ սլանում էր մի կողմից մյուսը:
Աչքերիս առաջ վեր էր խոյանում այդ խորհրդավոր ու հպարտ կեցվածքով, հմայիչ արտաքինով, թովիչ աչքերով օրիորդի կերպարը, որը Աստծո կողմից ուղարկվել էր ինձ իբրև մեծ սիրո պտուղ: Սեր, որ տակնուվրա էր անելու հոգիս, ուղեղս: Սեր, որ կտրելու էր ինձ իրական կյանքից ու նետելու երազանքների, վառ զգացմունքների ու գույների գիրկը: Մեզ պարուրել էր բուռն, անկեղծ աստվածային այդ վեհ զգացմունքը, որը մեր երակներում ուրախ պար էր բռնել: Կյանքը կարծես մի հեքիաթային ակնթարթ լիներ երկուսիս համար, որ շատ շուտով պետք է վերանար, սքողվեր երջանկության անձրևի կաթիլների հետ մեկտեղ…
Այդ օրն աշխատանքից ավտոմեքենայով հապշտապ տուն էի վերադառնում, որպեսզի կրկին տեսնեմ նրան, գրկախառնվեմ, համբուրեմ մեղրի պես քաղցր շուրթերը: Նրան վայրկյաններ հետո տեսնելու մտքից սիրտս ուրախությունից թրթռում էր: Տարվել էի մտքերով, աչքերիս առաջ մթագնել էր…ու հանկարծ մի ուժեղ բղավոց լսեցի, բախյուն, անկարող էի արգելակել…սթափվելով` սփրթնած դուրս պրծա մեքենայից,,ու տեսա նրան` արնաշաղախ փռված մայթեզրին: Նա ավտոմեքենաս հեռվից տեսնելուն պես ընդառաջ էր վազել ու դարձել իմ զոհը…ԻՄ ԶՈՀԸ…Արտասուքը աչքերիս ամուր գրկեցի նրան, սեղմեցի կրծքիս, նայեցի նրա կիսաբաց աչքերին, որ ասում էին ինձ` ես սիրում եմ քեզ:
Կորցրեցի նրան…Օ~, անարդարությու~ն, որ սփռել ես շքեղաշուք ու զարդարուն քողդ ամենուր, խարդախ խաբեբայի պես մի’ չարչարի, մի’ մոլեգնի փոքր մրջյուններիս դեմ, որ անկանոն խաղիդ զոհն ենք դարձել:
Հա’յր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը…Գիտեմ այժմ նա քեզ մոտ է` պաշտպանված, քո սիրով ու օրհնությամբ պարուրված: Երբեք չեմ դադարի սիրել նրան…ու թող նա հավատա` լինի երկնքում թե երկրի վրա մի օր կրկին կգտնեմ նրան, որ ասեմ ` ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ…ԱՄԵՆ