Կարոտ... Ինչքան քնքշություն, ինչքան քաղցրություն և միևնույն ժամանակ ինչքան տխրություն կա այս բառի մեջ: Կարծես, մի ամբողջ կյանք է հարկավոր ապրել, որպեսզի հասկանալ այս բառի էությունը:
Կարոտել եմ քեզ... Ահա այսպես որոշեցի սկսել նամակս, որը կրկին ուղղված է քեզ, իմ սեր: Նորից գիշեր է: Այնպիսի տպավորություն է, որ կարծես թե քնած է ամբողջ աշխարհն ու համայն մարդկությունը, և միայն ես եմ արթուն: Իսկ ինչու՞ եմ արթուն գիշերվա այս ուշ ժամին: Այս հարցի պատասխանը մեկն է` կարոտել եմ քեզ: Այնքան քնքշություն կա հոգումս: Այնքան ուժգին կարոտել եմ քեզ, որ ուզում եմ թողնել ամենքին ու ամեն բան ու վազել քեզ մոտ, համբուրել քեզ, նորից զգալ քո բույրը, նորից արբենալ քեզանով: Սակայն այժմ դու քնած ես քո տաքուկ անկողնում ու չես էլ պատկերացնում, թե ինչ է կատարվում սրտումս: Ամեն բան խառնվել է հոգումս. երջանիկ եմ, որ սիրում եմ քեզ, երջանիկ եմ, որ սիրված եմ քո կողմից: Սակայն տխուր եմ, որ այժմ չեմ կարող տեսնել քեզ, նայել քո աչիկներին ու սուզվել դրանց մեջ, հմայվել քո ժպիտով...
Յուրաքանչյուր վայրկյան սիրում եմ քեզ, յուրաքանչյուր վայրկյան կարոտում եմ ու յուրաքանչյուր վայրկյան երջանիկ եմ: Հենց հիմա փակում եմ աչքերս ու քեզ եմ տեսնում, այնքան լավ է, պարզ, հանգիստ, ուրախ, անհոգ, մի քիչ շփոթված, մի քիչ հուզված, բայց հետաքրքիր:
Կարոտել եմ քեզ... Ամեն ինչ կտայի այժմ, որպեսզի տեսնեի, թե ինչպես ես քնած, թե ինչպես ես գրկել բարձը ու քնքուշ ժպիտով ինչ-որ բան ես երազում: Ես էլ կցանկանայի, որ քնած լինեի այժմ ու չզգայի այս կարոտը: Արի այսօր սիրենք իրար այնպես, ասես վաղն այլևս չի գալու: Արի այսօր հանդիպենք մեր երազներում, իսկ առավոտյան պատմենք իրար մեր անմիտ ու խառը երազներն ու ծիծաղենք ու զարմանանք երկուսիս երևակայության վրա: Այնպես եմ ուզում համբուրել քեզ, այնպես եմ ուզում զգալ քո շունչը և ամուր գրկել քեզ:
Կարոտել եմ քեզ... Գիտես, իմ սեր, երջանիկ եմ, որ հանդիպել եմ քեզ, երջանիկ եմ, որ այսքան կարոտում եմ: Քանի որ զգում եմ, թե ինչպես է լուսավորվում հոգիս, երբ հասկանում եմ, որ իմ կյանքում կա մի էակ, ում համար ուզում եմ ապրել, ում սիրում եմ կյանքիցս էլ առավել: Երջանիկ եմ, երբ առօրյաս լցված է քեզանով, երբ մտքումս միայն քո անունն է անդադար հնչում: Երջանիկ եմ, երբ գիտեմ, որ վերջանալու է գիշերը ու գալու է նոր օր, որտեղ մենք նորից միասին կլինենք: Չես պատկերացնի, թե ինչքան եմ սպասում այդ նոր օրվա գալուն. այնտեղ մենք ենք` ես և դու:
Կարոտել եմ քեզ... Ուզում եմ ամեն օր, ամեն րոպե ու ամեն վայրկյան լինել քո կողքին, լինել քո կյանքում, անընդհատ լսել քո ձայնը, նայել քո աչիկներին, երջանկանալ քո ժպիտից, ապրել հանուն քեզ ու քեզանով, հավերժ սիրել ու սիրված լինել...
Կարոտել եմ քեզ...