Բարև իմ սեր... Կարծում եմ` ժամանակն է, որ ես պատմեմ, թե ինչ է կատարվում ներսումս, ժամանակն է, որ ես խոսեմ այն մասին, թե ինչ կլիներ, եթե հանդիպած չլինեի քեզ, ժամանակն է, որ իմանաս, թե ինչքան եմ կարոտում քեզ, ժամանակն է, որ իմանաս, թե ինչ եմ զգում, երբ քո կողքին եմ... Միգուցե ես սխալ եմ վարվում, որ այս բառերը որոշել եմ ոչ թե ասել քեզ, այլ գրել... Երևի թե պատճառն այն է, որ այսկերպ միայն կարող եմ արտահայտել այն, ինչ կատարվում է հոգումս: Եվ ահա, վերցրել եմ գրիչս ու գրում եմ քեզ, իմ սեր:
Ես երևի այն չլինեի, ինչ կամ, եթե քեզ հանդիպած չլինեի: Քեզ հետ ես սովորեցի հավատալ ինքս ինձ, դիմացինին, մարդկանց, Աստծուն, բնությանը: Դու ինձ հավատ տվեցիր:
Ես երևի չապրեի այնպես, ինչպես ապրում եմ, եթե չընդունեի քեզ` որպես նվեր ճակատագրից: Քո կողքին ես ազատ եմ շնչում, քո կողքին ես չեմ վախենում: Դու ինձ սեր տվեցիր, այնպիսի սեր, որ կործանելու, ջարդելու ու փշրելու փոխարեն ապրեցնում է, ոտքի կանգնեցնում ու առաջ մղում:
Ես երևի չմտածեի, որ կյանքն իսկապես նվեր է, եթե դու չբարևեիր ինձ: Քեզ համար ապրելով ես ցանկանում եմ ապրեցնել ամենը, ինչ իմաստ չի տեսնում ապրելու: Երջանկությունը սիրո մեջ է: Հավատա իմ սեր, այս բառերը ամբողջովին ճիշտ են ու բխում են հոգուս ամենախորը հատվածներից: Ես ապրում եմ քեզանով ու միայն քեզ համար: Ես քո շնորհիվ նորից հավատացի երազանքին, քո շնորհիվ ես բարությամբ լցվեցի ու այժմ կարող եմ վստահաբար ասել, որ կյանքս լուսավորված է. այն նոր, բոլորովին նոր իմաստ է ստացել:
Չես պատկերացնի, թե ինչքան երջանիկ եմ, երբ արթնանում եմ քո զանգից, երբ դու բարևում ես ինձ: Չես պատկերացնի, թե ինչքան եմ սիրում նայել քո աչիկներին, սուզվել դրանց մեջ. քո աչքերում ես տեսնում եմ իմ ապագան, տեսնում եմ իմ երջանկությունը: Երբ նայում եմ քո աչքերին` չեմ ուզում ոչինչ ասել, ուզում եմ լռել ու նայել, նայել, անդադար նայել: Չես պատկերացնում, թե ինչ հանգստություն է պատում ինձ, երբ քո կողքին եմ, երբ զգում եմ քո ջերմությունը, քո բույրը, երբ շրթունքներս դիպչում են քո շրթունքներին: Բառեր չկան և ոչ մի լեզուներում, որպեսզի կարողանամ ասել, թե ինչքան եմ սիրում քեզ... Դու չես էլ պատկերացնի, իմ սեր: Դու չես էլ պատկերացնի, թե ինչքան եմ փնտրել քեզ, թե ինչքան եմ տանջվել մինչ քեզ հանդիպելը... Դու չես էլ պատկերացնի, թե ինչքան եմ կարոտում քեզ, երբ գիտեմ, որ օրն արդեն ավարտվում է, և պետք է հրաժեշտ տանք իրար: Այդ ժամանակ ինձ սփոփում է միայն այն միտքը, որ վաղը մենք նորից կհանդիպենք, որ նորից կնայեմ քո աչքերի մեջ ու նորից կյանքը կշարունակվի: Հավատա, իմ միակ, այն ինչ կատարվում է այժմ իմ հետ, բացառիկ է. ես երբեք այսպիսի զգացողություն չեմ ունեցել, եթե ուզում ես իմանալ, չեմ էլ ունենա:
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ ամբողջ հոգով, սիրում եմ ամբողջ սրտով: Երջանիկ եմ, որ գիտեմ այդ զգացմունքը, գիտեմ, թե ինչպես է երջանկացնում ու տաքացնում այն: Սերն այն է, երբ մարդուն սիրում ես անկախ ամեն ինչից, ամեն րոպե նա մտքիդ է, իսկ երբ լսում ես ձայնը, թվում է, թե աշխարհը քոնն է: Երբ մարդուն անսահման կարոտում ես և ուզում ես, որ նա երջանիկ լինի: Երբ վախենում ես մտածել երջանկության մասին, որովհետև երբեմն հավատդ չի գալիս, որ քեզ բաժին է հասել այսչափ երջանկություն: Սերն այն է, երբ հավատում ես նրան, առանց որևէ կասկածի ու հարցերի, երբ վստահում ես ու պատրաստ ես աշխարհի ծայրը հասնել նրա հետ, նրա համար: Երբ պատրաստ ես անգամ կյանքդ զոհաբերել հանուն այդ մարդու և փոխարենը ոչինչ-ոչինչ չակնկալել: Սերն այն է, երբ պատկերացնում ես, թե ինչպես եք միասին մեծանալու, պատկերացնում ես ձեզ հինգ, տաս, քսան, քառասուն տարի հետո, պատկերացնում ես ձեր երեխաներին, պատկերացում ես, թե ինչպես եք միասին ծերանալու ու երազում, որ մահանաք նույն օրը, որպեսզի միմյանց ցավ չպատճառեք:
Ես սիրում եմ քեզ այսօր, սիրել եմ երեկ ու կսիրեմ վաղը, մի ամիս հետո, մի տարի ու անգամ մի կյանք հետո…