11/4/14

Քո աչքերը...

Բարև իմ սեր... Ուզում ե՞ս իմանալ, թե ինչ եմ զգում, երբ նայում եմ քո գեղեցիկ աչիկներին, ուզում ե՞ս հասկանալ, թե ինչու եմ միայն քո աչիկներին նայում: Միթե՞ այլ կերպ կարող էր լինել: Իհարկե` ոչ: Միթե՞ հնարավոր է թեքել հայացքը դրանցից, մոռանալ կամ չհիշել ամեն վայրկյան:
Աստված իմ, ինչքան չքնաղ բան կա քո աչքերում` գեղեցիկ, հրաշալի, մի քիչ խելառ, մի քիչ տխուր, մի քիչ չարաճճի, անսահման քնքուշ քո աչիկներում: Այնտեղ կյանք տվող հրաշալի լույս կա, այնտեղ աննկարագրելի խորհրդավոր մի աշխարհ կա, այնտեղ զգացմունքների թարմ ու սառեցնող ջրվեժ կա, այնտեղ բազմաթիվ հարցեր կան, այնտեղ այնքան կանացիություն ու կիրք կա:
Ինչ-որ մի օր ես որոշեցի խորասուզվել քո աչքերի մեջ, և գիտե՞ս, թե ինչ եղավ հետո...
Ես մոլորվեցի այնտեղ, խորտակվեցի անվերադարձ, իսկ ետդարձի ճանապարհը հավետ կորցրեցի: Բայց միթե՞ ես ինքս չէի ամեն օր ու ամեն վայրկյան սուզվում դրանց մեջ ու չէի ցանկանում ետ վերադառնալ: Միթե՞ ես չէի, ով այնքան քնքուշ համբուրում էր դրանք...
Որովհետև, իմ սեր, անհնար է չնայել այն աչքերին, որտեղ այնքան բարիություն, այնքան քնքշություն, այնքան իմաստություն ու մաքրություն կա: Անհնար է չնայել այն աչքերին, որտեղ տեսնում ես ինքդ քեզ, որտեղ տեսնում ես իրական երջանկությունը: Դա իրոք այդպես է, քանի որ ես այդ ամենը տեսնում եմ, քանի որ ես ուզում եմ տեսնել այդ:
Այո, այս երեկո մի քիչ տխուր էր ինձ համար: Որովհետև ես առայժմ չեմ կարող դիպչել քո ձեռքին ու այն մեղմ համբուրել: Չեմ կարող բռնել այն ու դնել սրտիս, որպեսզի դու զգաս ու լսես, թե ինչպես է բաբախում տղամարդու սիրտը: Այն սիրտը, որտեղ ապրում է մի հրաշալի աղջիկ, ում աչիկները ամենգեղեցիկն ու ամենաբարին են այս աշխարհում...