Բարև տղես... Բարև իմ սիրելի ու համով բալա... Դու դեռ չես ծնվել, բայց ես այնքան անհամբեր գտնվեցի, որ ցանկացա նամակ գրել քեզ: Ընդհանրապես, ես համբերատար եմ բնավորությամբ, բայց այս վերջին ժամանակներում փոխվել եմ: Այդ նրանից է, որ շատ եմ ուզում քեզ տեսնել, գրկել քեզ՝ ամուր-ամուր:
Տղես, ուզում եմ իմանաս, որ դու մի հրաշալի ու աներևակայելի սիրո արդյունք ես. քո հայրը աննկարագրելի շատ է սրում մորդ:
Դու անպայման կտեսնես ու կզգաս այդ սերը: Չես պատկերացնի, թե ինչքան նուրբ ու մաքուր զգացմունքներ կան մեջս՝ քո ու մայրիկիդ հանդեպ: Մայրդ, ճիշտն ասած, շատ հետաքրքրասեր կին է և մեկ-մեկ ինձ ուղղակի հարցերով խեղդում է, բայց միևնույն ժամանակ նաև անչափ բարի է. կարծես ուզում է փրկել ամբողջ աշխարը չարիքից, և իր բարությունը տարածել երկրագնդի վրա:
Տղես, ես ու մայրդ արդեն որոշել ենք քո անունը. քո անունը կլինի Դանիել, եթե դեմ չես: Համոզված եմ սակայն, որ քեզ անպայման դուր կգա այս անունը: Պետք է ասեմ, որ, մենք արդեն պատրաստվում ենք ծնվելուդ: Մենք պետք է քեզ մահճակալ գնենք, շատ ու բազմազան շորեր, շատ խաղալիքներ: Գիտես, դու արդեն ամենագլխավորն ես տանը, դու արդեն մեր կյանքը լցրել ես: Մենք քեզ անհամբեր սպասում ենք՝ օր-օրի, վայրկյան առ վայրկյան:
Իմ Դանիել, քո հայտնվելուց ի վեր իմ կյանքը ամբողջովին փոխվել է. դու դեռ մյրիկիդ փորի մեջ ես, բայց ես զգում եմ, թե ինչքան երջանիկ եմ դարձել: Այլևս ինձ չեն հետաքրքրում հավաքույթները, առօրյա հոգսերը և այլն: Իմ մտքում միայն դու ես ու իմ ընտանիքը: Ընտանիք, որտեղ գերիշխում է սերն ու հարգանքը: Ես գիտեմ, ավելի ճիշտ, պատկերացնում եմ, թե ինչ երջանկություն կլինի, երբ դու ծնվես, երբ կսկսես մեծանալ, կարտասանես մեզ համար այդքան սպասված "Մամա" ու "Պապա" բառերը, երբ տնով մեկ թափված կլինեն քո խաղալիքներն ու շորերը, երբ հյուրընկալվելիս ընկերները կպահեն իրենց ջարդվող իրերն ու սպասքը: Այս ամենը պատկերացնելիս հուզվում եմ. շատ եմ սպասում քեզ՝ իմ Դանիել: Պատրաստ եմ աշխարհը շուռ տալ, միայն թե դու ծնվես առողջ: Ամեն ինչ կանեմ քեզ համար, միշտ կլինեմ քո կողքին, կլինեմ քեզ և հայր և ընկեր: Ես կլինեմ ամենաերջանիկ ու ամենալավ հայրն աշխարհում: Խոստանում եմ, որ միշտ կսիրեմ քեզ, միշտ կսիրեմ մորդ, որովհետև իմ ու նրա սիրո արդյունքում կծնվես դու, կունենաս իմ ու մորդ դիմագծերը, բնավորությունը...:
Մենք քեզ սպասում ենք, իմ Դանիել... Ես և մայրդ անչափ երջանիկ ենք և հպարտանում ենք քեզանով...